Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ դեպի Մոսկվա «Արմավիայի» այսօրվա չվերթից օգտվել է ընդամենը 7 ուղևոր, մյուսները վերադարձրել են տոմսերը:
Ընկերության մամլո ծառայությունում հերքել են այդ տեղեկատվությունը: «Բոլոր մոսկովյան չվերթերը կատարվում են ըստ ժամանակացույցի, իսկ տեղեկատվությունն այն մասին, թե այսօր տոմսերի մի մասը վերադարձվել է, չի համապատասխանում իրականությանը»,- PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Արմավիա» ընկերությունում: Ավելին, ընկերությունը ավելացնում է դեպի Մոսկվա թռիչքների քանակը:
Նշենք, որ նման լուրերի առաջացման պատճառն այն է, որ Մոսկվայում և շրջաններում շարունակվում են հարձակումները ազգամիջյան հողի վրա: Նախօրեին Մոսկվայում սպանվել է Ուզբեկստանի քաղաքացի, իսկ Վիետնամի քաղաքացին դաժան ծեծի է ենթարկվել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ազգայնական հողի վրա բախումներին մասնակցում են նույնիսկ երեխաները՝ Դոլգոպրուդնի քաղաքում դպրոցականը դանակահարել է կովկասցի իր համադասարանցուն:






