(?)Վահե, ինչպե՞ս կներկայացնես ինքդ քեզ:
(!) Ես 21 տարեկան եմ, ծնվել, մեծացել եմ Երևանում և արդեն 2,5 տարի է ապրում եմ Լոս Անջելեսում: Աշխատում եմ որպես համակարգային/ցանցային ադմինիստրատոր:
(?)Ինչպե՞ս գտար այդ բացթողումը Google-ի համակարգում: Հանկարծակի՞ գտար, թե՞ հատուկ փնտրում էիր ինչ-որ սխալ:
(!) Ճիշտն ասած, ես հիմա իմ համակարգիչը չունեմ, աշխատավայրում էի, երբ բզբզելով «գտա» այն: Ավելի ճիշտ` այդ մասին իրենց իսկ դոկումենտացիայում գրված էր` գործը դրա կիրառությունը գտնելու մեջ էր: Սկզբից մտածեցի, որ հատուկ է այդպես մտածված և վերահսկվում է այլ մեխանիզմներով, բայց առաջին փորձը ցույց տվեց, որ իրոք բացթողում է: Շատ էի զարմացել:
(?)Որքանո՞վ է լուրջ այդ բացթողումը: Ի՞նչ կարող էր լինել եթե այդ մասին չարագործներ տեղեկանային:
(!)Դե ասում են, որ շատ լուրջ է 🙂 Օրինակ, այդ կոդը տեղադրելով շատ այցելուներ ունեցող որևէ կայքում (կամ նույնիսկ մի հայտնի մեկի բլոգում` մեկնաբանությունների մեջ) կարելի է հավաքագրել կայքի այցելուների էլեկտրոնային հասցեները, կազմել սփամ-ցուցակներ և սփամ նամակներ ու վիրուսներ տարածել: Էլ. փոստի հասցեների այդպիսի ցուցակներ ինտերնետում վաճառվում են և մեծ պահանջարկ ունեն: Մինչդեռ Google-ը իր էլեկտրոնային փոստի ծառայությունում գրանցվողներին վստահեցնում է, որ առանց նրանց թույլտվության ոչ մի երրորդ կողմի չի փոխանցի հասցեները…
Ի դեպ, հաջորդ բացթողումը կայանում էր նրանում, որ այդ հասցեներին կարելի էր նամակ ուղարկել հենց @google.com դոմեյնից:
(?)Ի՞նչ արեցիր այն հայտնաբերելուց հետո:
(!)Ամբողջ պրոցեսը տևեց մեկուկես ամիս, քանի որ ես համակարգիչ չունեմ: Ողջ կոդը (խմբ. խոցելիությունը ցուցադրող) գրվել էր Apple խանութում: Այդ ընթացքում նամակներ էի ուղարկում տարբեր Google-ի աշխատողներին [email protected] հասցեից, ինչը պետք է որ նրանց հասկացներ, որ խնդիր ունեն: Երբ ընկերներիս պատմեցի դրա մասին` ինձ խորհուրդ տվեցին գրել TechCrunch բլոգին, ինչն էլ արեցի: TechCrunch-ի հոդվածը բավականին բուռն արձագանքներ գտավ և այդ նյութը արտատպեցին հարյուրավոր այլ բլոգեր և լրատվական կայքեր: Ես ուղղակի ցանկանում էի բարձրաձայնել, թե ինչպես են մեծ ընկերությունները փորձում ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար: Մինչև հիմա չեմ հասկանում, ինչպես կարող էր Google-ի պես ընկերությունը այդպիսի բացթողում թույլ տալ:
(?)Իսկ ինչո՞ւ հենց Apple-ի խանութում:
(!)Այնտեղ արագ ինտերնետին միացրած Apple-ի արտադրանքներն ազատ ցուցադրվում են, և կարելի է մոտենալ, փորձարկել… հարմար է 🙂
(?)Մտքովդ անցե՞լ էր օգտագործել այն անձնական նպատակներով, կամ վաճառել Google-ի մրցակիցներին, օրինակ ներկայիս հակառակորդ Facebook-ին:
(!)Կարծում եմ Facebook-ի հետ կապվելն ավելի դժվար կլիներ:
(?)Ինչպիսի՞ արձագանք էիր սպասում Google-ից:
(!)Ճիշտն ասած չէի կարծում, որ TechCrunch-ը այդպես արագ կարձագանքի և մինչև առավոտյան իմ աշխատանքի հասնելը նորությունն արդեն հրապարակված կլինի: Մտածում էի, որ սկզբում Google-ի ներկայացուցիչը կկապվի ինձ հետ: Իսկ թե ինչպես է այդ աղմուկը տարածվել իմացա իմ հետ աշխատող մի տղայից:
(?)Ի՞նչ ստացվեց ի վերջո: Գո՞հ ես Google-ի արձագանքից:
(!)Google-ի աշխատակիցները կապի մեջ են ինձ հետ՝ խորհրդակցելով խոցելիությունը վերացնելու լավագույն լուծմումը գտնելու համար: Խոցելիությունը մեծամասամբ վերացվել է, բայց դեռևս ոչ ամբողջովին: Վերջերս ինձ տեղեկացրեցին, որ անունս ավելացրել են Google-ի անվտանգության «Պատվո սրահի» պատվավոր հիշատակում բաժնում` http://www.google.com/corporate/halloffame.html
(?)TechCrunch-ի խմբագիր Արինգթոնին ուղղված նամակում ստորագրվել ես՝ նշելով քո ազգային պատկանելիությունը և դեպքի մասին բոլոր լուրերում նշվում է, որ խոցելիությունը բացայահտողը հայ է: Հատու՞կ ես այդպես գրել:
(!)Այո, ցանկանում էի որ նշված լիներ, որ բացահայտողը հայ է: Ճիշտն ասած ընդամենը 2 վայրկյան եմ մտածել այդ մասը գրելուց: Արինգթոնի հետ զրույցի ժամանակ նրան պատմեցի, որ Լոս Անջելեսում եմ, սակայն հոդվածի մեկնաբանություններից զգացվում էր, որ շատերը կարծել են, թե այժմ Հայաստանում եմ:
(?)Քո մասին կարծես բոլոր համակարգչային անվտանգության կայքերն արդեն գրել են և շատ մեկնաբանություններում բազմաթիվ հավանություններ և ջերմ մաղթանքներ ես ստանում: Ի՞նչպես ես վերաբերվում այդպիսի հանկարծակի «հայտնիությանը» և ուշադրությանը:
(!)Իհարկե, հաճելի էր Մայքլ Արինգթոնի նման մարդկանց արձագանքը և ուշադրությունը իմ անձի նկատմամբ: Օգտվելով առիթից, ցանկանում եմ ջերմ բարևներ փոխանցել նրանց, ում սիրում եմ 🙂
(?)Կցանկանայի՞ր արդյոք վերադառնալ և աշխատել Հայաստանում և ի՞նչ պայմաններով:
(!)Մոտակա տարիներին դա ուղղակի հնարավոր չէ անձնական պատճառներով: