«Նաիրիտ գործարանի» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը գտնվում է քննարկման փուլում, լրագրողներին դեկտեմբերի 21-ին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հաստատելով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն մարել է իր աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքը:
Դրա հետ կապված` նախարարը հավելել է, որ համաշխարհային շուկաներում քիմիական արդյունաբերության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, և այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն է նկատվում: «Ամսվա ընթացքում քննարկվելու է գործարանի վերագործարկման ծրագիրը: Ցանկացած դեպքում, Նաիրիտը պետք է աշխատի»,- հայտարարել է նա:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն մարել է իր աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքը:
«Դեկտեմբերի 20-ին` ժամը 1800-ի դրությամբ, գործարանն աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքն ամբողջությամբ մարել է»,- հաղորդում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:






