Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի նոր հետազոտությունը վեր է հանում հայաստանյան ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար առավել ծախսատար ու բարդ հարկային ընթացակարգերը և առաջարկում է բարեփոխումներ` պարզեցնելու հարկման գործընթացն ու բարելավելու ընդհանուր գործարար միջավայրը Հայաստանում:
IFC-ի` ՙՀարկային համապատասխանության արժեքի ուսումնասիրությամբ՚ բացահայտվել է, որ առավել ծանր հարկային բեռը բաժին է ընկնում փոքր և միջին ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին: Օրինակ` մոտավորապես մինչև 5 մլն դրամ (մոտ 14,000 ԱՄՆ դոլար) շրջանառություն ունեցող ընկերությունները հարկային օրենսդրության պահանջները կատարելու նպատակով ծախսում են իրենց շրջանառության գրեթե 17,5 տոկոսը, մինչդեռ 58,35 մլն դրամ և ավել (մոտ 160,000 ԱՄՆ դոլար) շրջանառությամբ խոշոր ընկերությունները ծախսում են միայն 0,4 տոկոսը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող ընթացակարգերը առավել ժամանակատար են:
ՙIFC-ի հետազոտությունը կօգնի Հայաստանի կառավարությանը բացահայտելու կատարելագործման ոլորտները՚, ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: ՙIFC-ի փորձագետներն այժմ մշակում են առաջարկություններ կառավարությանը գործարար միջավայրի բարելավման գործում օգնելու նպատակով, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների առումով, որոնք կրում են հարկային համապատասխանության ամենածանր բեռը՚:
Ինչպես հայտնում է IFC-ի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը, IFC-ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և ենթաօրենսդրական դաշտի պարզեցման ծրագրի՚»նախաձեռնությամբ անցկացվել է հարցում 1000 հայաստանյան ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի շրջանում, որի շրջանակներում տրվող հարցերը վերաբերվել են 2009թ. ֆինանսական տարվան: Հարկային համապատասխանության արժեքը չի վերաբերում իրականում վճարված հարկերին, այլ իրենից ներկայացնում է հարկերը վճարելու վարչական ծախսը, ինչպես օրինակ` այն ժամանակի արժեքը, որը հաշվապահները ծախսում են հարկերը հաշվարկելու, հարկային հաշվետվություններ կազմելու, տարածքային հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու և ստուգումների վրա, ինչպես նաև հաշվապահական ծրագրերի ձեռք բերման արժեքը: IFC-ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և ենթաօրենսդրական դաշտի պարզեցման ծրագիրն» իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության, Նիդեռլանդների զարգացման համագործակցության նախարարության, Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության և Կատալոնիայի առևտրի խթանման կոնսորցիումի հետ համագործակցությամբ:






