AM
23 Դեկտեմբեր 2010 - 08:54 AMT

«Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը դասընթաց է անցկացրել` ՏՏ ոլորտի ձեռնարկությունների սպասարկման ոլորտի աշխատակիցների համար

«Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը դեկտեմբերի 20-25 անցկացրեց դասընթացը` ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկությունների սպասարկման ոլորտի աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն է խթանել Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների` վաճառքներ իրականացնելու և հաճախորդներին սպասարկելու կարողությունները, զարգացնել գործարար հաղորդակցության հմտությունները, հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու, պահպանելու և զարգացնելու հնարքները:

Ինչպես ասվում է կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ՓՄՁ ոլորտում ցածր մակարդակի վրա է, որի հիմնական պատճառներից մեկը ՏՏ կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցության ցածր մակարդակն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը և կիրառման կարիքը մասնավոր բիզնեսում իրականում մեծ է: Հաշվի առնելով ՏՏ ոլորտի ծառայությունների առանձնահատկությունը` հաճախորդների սպասարկման առումով կարևորվում է հաճախորդների սպասարկման որակը և տեղեկատվության ճիշտ և հնարավորինս մատչելի ներկայացումը: Որոշ դեպքերում ՏՏ ներկայացուցիչներն ու մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները կարծես տարբեր լեզուներով են խոսում: Անհրաժեշտություն է ծագել սովորել բացահայտել հաճախորդների իրական կարիքներն ու բավարարելու նրանց ակնկալիքները: Հաճախորդների սպասարկման բարելավումը կհանգեցնի ՏՏ կազմակերպությունների ավելի բարձր արդյունավետությանն ու մրցունակությանը, ինչպես նաև նոր` հաճախորդների պահանջարկին համապատասխան ծառայությունների մատուցմանը: Հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացման արագ տեմպերը` անհրաժեշտ է հնարավորինս շուտ անդրադառնալ խնդրին, ինչը ձեռնտու կլինի և մասնավոր բիզնեսին և ՏՏ ոլորտին:

Խնդրի լուծմանն օժանդակելու համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնավոր մրցունակ հատված Հայաստանում ծրագիրը (USAID CAPS) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաճառքների խթանում և հաճախորդների սպասարկում» դասընթաց անցկացնելու համար հայտարարել էին մրցույթ, որի արդյունքում §Բի Էս Սի¦ Բիզնեսի աջակցման կենտրոնը դեկտեմբերի 20-25 անցկացրեց դասընթացը:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC Business Support Center) խորհրդատվական, բիզնես-ուսուցողական, հետազոտական ծառայություններ մատուցող եւ բիզնեսի տարբեր ոլորտներին վերաբերվող գրականություն հրատարակող ընկերություն է` հիմնադրված 1994թ.-ին: «Բի-Էս-Սի»-ն (www.bsc.am) իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ուղղված Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Վրաստանում և Բելառուսում ձեռնարկատիրության զարգացմանը: