AM
27 Դեկտեմբեր 2010 - 09:55 AMT

Հայկական սուպերմարկետների միջև լուրջ պայքար է գնում սպառողի համար

2011թ. Երևանում ակնկալվում է մանրածախ առևտրի խոշոր կետերի ավելացում, որի արդյունքում գրեթե ամենուր կրպակները վերացել են: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել «Սթար» սուպերմարկետների ցանցում, այսօրվա դրությամբ գործում է 18 սուպերմարկետ, ևս 12-ը նախատեսվում է բացել 2011թ., որոնցից մեկը կբացվի արդեն հունվարին: Տեղանքի ընտրության ժամանակ «Սթար» ցանցի ղեկավարությունն առաջնորդվում է մի շարք ցուցանիշներով, մասնավորապես, որ այն հասանելի լինի 5-10 րոպե քայլելու դեպքում, և տնային տնտեսությունների քանակով:

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող սուպերմարկետների ցանցին, ապա «Սթարում» գտնում են, որ այդ ցուցանիշը հեռու է եվրոպականից: «Մենք զարգանալու դեռ շատ տեղ ունենք»: Սակայն, նշել են նաև, որ սուպերմարկետները բաշխված են անհամաչափ, Երևանի որոշ թաղամասեր գերհագեցած են սուպերմարկետներով, ինչը արդարացված չէ:

Լայն տարածում ունեն նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը (7 սուպերմարկետ), որը վերջերս բացեց նոր հիպերմարկետ, SAS-ը (6 սուպերմարկետ), որից օգտվում են ավելի բարձր խավի ներկայացուցիչներ, «Նոր զովքը» (5 սուպերմարկետ), որը բավականին լավ է իրեն դրսևորել և «Ֆրեշը» (4 սուպերմարկետ):

«Նոր զովքում» ասացին, որ «պայքար է գնում նոր սուպերմարկետներ բացելու համար, որի մասին վկայում է շուկայում գործող բարձր մրցակցությունը»: Ընդ որում, «Նոր զովքում» հավելեցին, որ հայկական սուպերմարկետներում սպասարկման մակարդակը բավականին բարձր է, սակայն, կան խնդիրներ, որոնց մասին խոսել չցանկացան: Միևնույն ժամանակ, հնչեց շատ հետաքրքիր համեմատություն եվրոպական սուպերմարկետների հետ: «Մենք տարբեր պետություններ ենք, մենք ապրում ենք Մարսի վրա, իսկ նրանք՝ դա բոլորովին այլ քաղաքակրթություն է»,-ասել են «Նոր զովքում»:

Գրեթե բոլոր ցանցերը մտադիր են ընդլայնել իրենց գործունեությունը, այնպես որ հաջորդ Ամանորին հերթերը սուպերմարկետներում շատ ավելի քիչ կլինեն: