Երկրների երկու խմբերի տարբեր տեմպերով աճը, ամենայն հավանականությամբ, գերիշխող է լինելու 2011-ին, ընդ որում, զարգացած տնտեսությամբ երկրների թույլ աճը հազիվ բավարար լինի գործազրկության նվազեցման համար, իսկ զարգացող շուկա ունեցող երկրները պետք է կարողանան հաղթահարել հաջողության փորձությունը, այդ թվում` միջոցներ որոնեն թեժացումից խուսափելու համար և հաղթահարեն կապիտալի մեծ ներհոսքը, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարը:
2010-ի վերջի և 2011-ի հեռանկարների վերաբերյալ համաշխարհային տնտեսության դրության իր գնահատականում Բլանշերը նշել է, որ գալիք տարում երկրները պետք է շարունակեն աշխատել իրենց տնտեսությունների վերահավասարակշռության վրա` ներառյալ կառուցվածքային միջոցները և փոխարժեքների շտկումները:
ԱՄՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված հարցազրույցում տնտեսագետն ամփոփել է համաշխարհային տնտեսության զարգացման արդյունքները 2010-ին: «Հակիրճ կարելի է պատասխանել, որ մեծ անակնկալներ չեն եղել: Մենք կանխատեսել էինք զարգացած տնտեսություն ունեցող երկրների աճի դրական, բայց ցածր տեմպեր և զարգացող երկրների արագ աճ, այս տարի այդպես էլ եղավ»,- ասել է նա:






