Ամանորյա գիշերն, ինչպես նաև հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում «ԱրմենՏել» ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:
2010թ-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 860 հազար SMS հաղորդագրություն և իրականացրել 4.6 միլիոն զանգ` 1 րոպե 8 վայրկյան միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4.9 միլիոն զանգ` 2 րոպե 2 վայրկյան միջին տևողությամբ:
2010թ-ի դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 1ՏԲ տեղեկատվություն: Ընկերության տվյալների փոխանցման արտաքին կապուղիներով դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 12:00-ը փոխանցվել/ստացվել է 32.8 ՏԲ տեղեկատվություն, որից 3.52 ՏԲ 2010թ-ի վերջին 2 ժամվա, իսկ 3.09 ՏԲ 2011թ-ի առաջին երկու ժամվա ընթացքում:
«2010թ-ի ընթացքում մենք հետևողականորեն զարգացրել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքները Հայաստանի ամբողջ տարածքում, ինչը հնարավորություն ընձեռեց տոնական օրերին մեր բաժանորդներին ապահովել անխափան կապով: Ուրախ եմ, որ նրանք կարողացան կիսել տոնական տրամադրությունն իրենց հարազատների և մտերիմների հետ` ինչպես ֆիքսված և բջջային հեռախոսների, այնպես էլ ինտերնետի միջոցով», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: