AM
17 January 2011 - 11:13 AMT

Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են Կապանի հանքավայրի հնարավոր շահագործմամբ

Բնապահպանները և Կապանի բնակչությունն (Սյունիքի մարզ) անհանգստացած են Կապանի Շահումյան և Բանավան շրջանների բազմամետաղ հանքավայրի շահագործմամբ: Մտավախություն կա, որ մինչև ընթացիկ տարվա վերջ հանքավայրի սեփականատեր «Dino Gold Mining Company»-ն սկսելու է բաց ճանապարհով հանքավայրի շահագործումը, ինչը հղի է լուրջ բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև Սյունիքի մարզի բնակչության առողջության հետ կապված խնդիրներով:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով, Կապանում իրավիճակը կարելի է անվանել աղետալի` կապված շրջակա միջավայրի աղտոտման հետ: «Դեռ երկու տարի առաջ ուսումնասիրությունների արդյունքում նկատվել է, որ Սյունիքի որոշ շրջաններում ջրում, հողում, սննդամթերքում ծանր մետաղների առկայությունը գերազանցել են կոնցենտրատների թույլատրելի սահմանները: Եվ դա այն դեպքում, որ մինչև հիմա հանքավայրը շահագործվել է փակ ճանապարհով»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Զարաֆյանը նշել է, որ կառավարության գերատեսչությունները, որոնք պատասխանատու են այդ խնդիրների համար, մասնավորապես, բնապահպանության նախարարությունը և առողջապահության նախարարությունը, բացարձակ ոչ մի միջոց չեն ձեռնարկում: «Առողջապահության նախարարությունը պետք է ծրագիր մշակի պետպատվերի շրջանակներում օգնություն ցուցաբերելու համար, քանի որ ծանր մետաղները մնում են շրջակա միջավայրում, և նստվածք տալիս հողում ու մարդկանց օրգանիզմներում` առաջացնելով ծանր հիվանդությունների տարբեր տեսակներ»,- ասել է նա և հավելել, որ բաց շահագործման արդյունքում կրճատվում են աշխատատեղերը: