AM
18 Հունվար 2011 - 08:57 AMT

«Արմավիա» ավիաընկերությունը ևս մեկ եվրոպական օդանավակայան բացեց իր ուղևորների համար՝ Բրատիսլավայում

Ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հունվարի 17-ին ներկայացրել է Երևան-Բրատիսլավա-Երևան նոր չվերթը: Ինչպես հայտնել է լրագրողներին ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը, «Արմավիան» արդեն ունի 45 ուղղություն: «Բրատիսլավայի օդանակավայանը ևս մեկ օդանավակայան է, որը կապելու է մեր ուղևորներին Եվրոպայի այլ քաղաքների հետ: Այն մեծ ապագա ունի»,- ասել է նա: Ընկերության պլանների մեջ է մտնում դեպի Մյունխեն, իսկ ամռանը` դեպի Վենետիկ չվերթների բացումը:

Պատասխանելով սլովակ լրագրողներին հարցերին` Նորայր Բելլույանը հաղորդել է, որ 2009-ին ընկերությունը փոխադրել է 700 հազար ուղևոր, իսկ 2010-ին` շուրջ 800 հազար: «Ընկերության պլանների մեջ է մտնում ուղևորահոսքը մինչև 1 մլն հասցնելը»,- հավելել է նա: Բացի դրանից, գլխավոր տնօրենը նշել է, որ 2011-ի փետրվարի վերջին «Արմավիայի» տրամադրության տակ է լինելու «Սուխոյ Սուպերջեթ-100» ինթնաթիռը:

Իր հերթին, Բրատիսլավայի օդանավակայանի գործադիր տնօրեն Յանչուլա Մարոշը նշել է, որ «սա պատամական պահ է երկկողմ հարաբերություններում»: Նա ասել է, որ սկզբից չվերթն իրականացվելու է շաբաթական մեկ անգամ, սակայն մտադրություն կա այն հասցնել շաբաթական երկու անգամի: