AM
26 Հունվար 2011 - 11:53 AMT

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀԲ-ն ստորագրել են երեք վարկային համաձայնագիր

Հունվարի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ստորագրեցին ՀԲ երկրի գործընկերության ռազմավարության զարգացման քաղաքականության վարկային 2009-12թթ փաթեթի երեք վարկային համաձայնագրեր` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը», «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիրը» և «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)»-ը:

«Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավա¬րության կողմից իրականացվել են ՀԲ-ի հետ համաձայնեցված մի շարք նախապայմաններ` աղքատության կրճատման և տնտեսության խթանման ուղղությամբ, որի արդյունքում ՀԲ-ն ՀՀ կառավարությանը տրամադրելու է 25 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ, որից 21 մլն-ը արտոնյալ պայմաններով (20 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, 0,75 տոկոս), իսկ 4-ը առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

«Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» համար կհատկացվի 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ` մրցակցային էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների նորարարության առկա խոչընդոտները վերացնելու` բազային ենթակառուցվածքները հզորացնելու և նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով: Ծրագիրը բաղկացած է երեք մասերից. Էլեկտրոնային հասարակության ենթակառուցվածքների զարգացում, ձեռնարկությունների նորարարության խթանում և ծրագրի կառավարում: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

«Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀՀ առողջապահության նախարարության կարողությունները` համակարգի ավելի արդյունավետ կառավարման համար, ընդլայնել ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգը և ընտրված մարզերում արդիականացնել առողջապահական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը/ենթակառուցվածքները` բնակչությանն առողջապահական ավելի մատչելի, որակյալ և կայուն ծառայություններ մատուցելու համար: Ծրագրի իրականացման համար հատկացվելու է 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա), հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: