AM
26 Հունվար 2011 - 12:25 AMT

Հայաստանին հաջողվեց Հայոց ցեղասպանության մասին բանավեճերը տեղափոխել Թուրքիա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պասիվ փուլում է, սակայն չի սպառել իրեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` այդ գործընթացի շնորհիվ Հայաստանին հաջողվեց Հայոց ցեղասպանության մասին բանավեճերը տեղափոխել Թուրքիա, ինչը չէր հաջողվում տասնամյակներ շարունակ: Այդ համատեքստում նա նկատեց, որ այդ խոսակցություններն ընթանում են Թուրքիայի ոչ միայն վերնախավի շրջանակներում, այլև կրթական և մշակութային միջավայրում: Մինասյանի կարծիքով` այդ գործընթացն արդեն անհնար կլինի կանգնեցնել, և մոտ ժամանակներս այդ քննարկումները կտարածվեն ողջ թուրքական հասարակության մեջ:

Գագիկ Մինասյանը նկատեց նաև, որ այդ գործընթացի շնորհիվ Հայաստանը կարողացավ նաև ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը բաց է քննարկումների համար, և որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նրա խոսքով` հայկական կողմի այդ դիրքորոշումն ընդունելի է ողջ միջազգային հանրության համար, ինչն իր հերթին Թուրքիային պարտվողական դրության մեջ է գցում: