2010 թվականի Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 856.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6%-ով և 97.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը, հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.7%-ով կամ 79.4 մլրդ դրամով: Ընդ որում, 11.9%-ով (74.2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17%-ով կամ 7.3 մլրդ դրամով` այլ եկամուտները, միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 25.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով:
2009 թվականի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.9%-ով կամ 32.1 մլրդ դրամով: «Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 101 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 78.8%-ը և 2009 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշի 68.1%-ը: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 109.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -8.7 մլրդ դրամ:






