2010թ.-ին բավականին ակտիվ էր պետական պարտատոմսերի շուկան, որտեղ գրանցվել է առևտրի ծավալների (գնման գնով) կրկնակի աճ` կազմելով 5.6 մլրդ ՀՀ դրամ: Գործարքների քանակը նույնպես աճել է ավելի քան երկու անգամ: Պետական պարտատոմսերով առևտրի ծավալի գերակշիռ մասը` 76.8%, բաժին է ընկնում պետական միջնաժամկետ պարտատոմսերին: Այդ մասին լրագրողներին է հայտնել NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տբօրեն Արմեն Մելիքյանը՝ ամփոփելով կառույցի գործունեությունը նախորդ տարում:
Ինչպես նշել է Արմեն Մելիքյանը, 2010թ.-ի ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով առևտրի ծավալը նվազեց մոտ 70%-ով, կազմելով 2.8 մլրդ ՀՀ դրամ: Տարվա ընթացքում տեղի ունեցավ 2.25 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի 3 նոր ցուցակում. հունվարին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի, իսկ դեկտեմբերին` «Շեն-Կոնցերն» ՓԲԸ -ի պարտատոմսերի երկու թողարկումների:
Տարվա ընթացքում արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 281.6 մլրդ ՀՀ դրամ (754.4 մլն ԱՄՆ դոլար), ինչը 24.4%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: 2010թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով, Եվրոյով որևէ գործարք չի կնքվել:
ՌԵՊՈ գործարքների հարթակում նույնպես գրանցվել է մոտ 26% անկում` առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 3.8 մլրդ ՀՀ դրամ: ՌԵՊՈ գործարքները կնքվել են հիմնականում կորպորատիվ պարտատոմսերով: Բացի պարտատոմսերից ՌԵՊՈ գործարքներ են կնքվել նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմսերով (ARBK): Նախորդ տարվա համեմատ ՌԵՊՈ գործարքների հիմքում ընկած ֆինանսական գործիքների շարքում ավելացել է «Շեն-Կոնցերն» ՓԲԸ-ի պարտատոմսերի 5րդ թողարկումը (SHNCB5):
Բաժնետոմսերով առևտրի ծավալը 2010թ.-ի ընթացքում աճեց մոտ 30%-ով, ինչը բավականին լավ արդյունք է` հաշվի առնելով այն փաստը, որը 2006թ.-ից ի վեր այս շուկան առևտրի ծավալի դրական միտում ցույց չի տվել: Տարվա ընթացքում առավելագույն ծավալով գործարքներ են գրանցվել «ԱՐԱՔՍ» ԲԲԸ-ի (ARAX), «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (HEZB) և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի (AHEK) բաժնետոմսերով: Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմեց 52.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը 0.9%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
2010 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ևս շարունակեց ծառայություններ մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին: Տարեվերջի դրությամբ ՀԿԴ-ի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 157,410, որոնցից 825-ը` 2010թ.-ի ընթացքում բացված նոր հաշիվներ են: ՀԿԴ-ի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 1,573:






