«2010թ. երկրորդ կեսից ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու մասին: Նման հայտարարություններից հետո յուրաքանչյուր իրեն հարգող նախագահ պետք է պատերազմ սկսեր: «Այն, որ ռազմատենչ հայտարարություններից հետո Բաքուն պատերազմ չսկսեց, խորը հիասթափություն առաջացրեց ադրբեջանական և թուրքական հասարակություններում»,-հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա կարծիքով, նման պայմաններում պատահական չէ, որ շատ քաղաքական գործիչներ Ադրբեջանում, Թուրքիայում չեն կարողանում կողմնորոշվել. շարունակել վախեցնել հայերին, թե վախենալ, որ Հայաստանը պատերազմ կսկսի Ղարաբաղում և կվերադարձնի այն, ինչ չհասցրեց վերադարձնել 1994 թվականին:
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Էրչելեբին հայտարարել է Day.az-ին, որ «եթե Հայաստանը մտադիր է ռազմական ճանապարհով լուծել հակամարտութունը, ապա նա ամենամեծ սխալը կկատարի իր պատմության մեջ»:






