AM
2 Փետրվար 2011 - 09:19 AMT

Ամերիաբանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 2010թ. աճել է ավելի քան 3 անգամ

Ամերիաբանկը 2010թ. ակտիվորեն է հանդես եկել ֆինանսական վարձակալության /լիզինգ/ ծառայությամբ: Բանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 2010թ. աճել է 3,2 անգամ և տարեվերջին կազմել 1,7 մլրդ դրամ:

Այս ծառայության համար բանկը մշակել է ճկուն և մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպությունների ներգրավում: Պորտֆելն ընդգրկում է հանքարդյունաբերության, շինարարության, սննդի արդյունաբերության, առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտները:

Ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացման ընթացքում բանկը 2010թ. ընդլայնել է գործընկերական հարաբերությունները միջազգային հեղինակություն վայելող խոշոր կազմակերպությունների հետ:

Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆինանսական վարձակալության ծառայության միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաև անշարժ գույքը:

Ամերիաբանկը նախատեսում է 2011թ. ևս շարունակել ակտիվորեն հանդես գալ ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացմամբ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: