AM
3 February 2011 - 14:33 AMT

ՏՏ ոլորտի հայ-հնդկական գերազանցության կենտրոնը գնահատվում է 3 մլն դոլար

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը:

Հուշագիրը ստորագրվել է 2009թ. հունիսին: Ինչպես կառավարության փետրվարի 3-ի նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՏՏ ոլորտի հայ-հնդկական գերազանցության կենտրոնը գնահատվում է 3 մլն դոլար: Կենտրոնը գործելու է ԵՊՀ տարածքում: Հնդկական կողմը կհատկացնի սարքավորումները, այդ թվում Param գերհամակարգիչները՝ 2 մլն դոլար արժողությամբ: 1 մլն դոլարը կհատկացնի ՀՀ կառավարությունը:

Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է համատեղ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը: «Նման կենտրոնի բացումը հայ-հնդկական հարաբերությունների կարևորագույն մասն է կազմում: Մեր կողմից մենք պետք է կատարենք բոլոր ստանձնած պարտավորությունները՝ պայմաններ ստեղծելով սարքավորումների տեղակայման համար, առավել ևս որ այս տարի սպասվում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հնդկաստան»,-հավելել է նա: