Թեեւ Հայաստանը գտնվում է Արեւելքից Արեւմուտք թմրանյութերի տեղափոխման ճանապարհին, սակայն նրա շրջափակումը որոշ հարեւանների կողմից, ճակատագրի հեգնանքով, արգելափակել է նաեւ թմրանյութերի անօրինական տարանցումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով օրերս Փարիզում տեղի ունեցած «Թմրանյութերի ճանապարհները Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա» համաժողովում: Այդպիսով, ինչպես ընդգծել է նախարարը, թմրանյութերի բաշխման շղթան չի կարող անցնել Հայաստանով` ինչպես Թուրքիայից, այնպես էլ` Ադրբեջանից: Մեզ վրա չեն կարող նաեւ էապես ազդել ահաբեկչությունը եւ այլ վտանգները, որ հաճախ զուգակցվում են թմրանյութերի վաճառքի հետ, – հայտարարել է Վարդան Օսկանյանը: Մինչդեռ, նա ափսոսանք է հայտնել, որ շրջափակումը անզոր է անհիմն քարոզչական մեղադրանքների դեմ, որոնք հայկական կողմին ուղղվում են հենց այդ հարեւանների կողմից, այդ թվում նաեւ այն մեղադրանքների, ինչպիսիք համաժողովում հնչեցին Ադրբեջանի կողմից: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, կողջունեն միջազգային փաստահավաք առաքելությունների այցը տարածաշրջան: «Իրականում մենք բազիցս կոչ ենք արել այդպիսի այցեր կատարել Լեռնային Ղարաբաղ` քաղաքական միտվածություն ունեցող այդպիսի մեղադրանքները ցրելու համար»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: