ԱՊՀ Հավաքական անվտանգության Խորհրդի ղեկավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր ծավալման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հավաքական անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ենթակառույցների ամրապնդումը Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից-երկրների սահմանների անմիջական հարեւանությամբ «տարակուսանք է առաջացնում»: Նրա խոսքերով` «Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ծավալման պլանների մշակման անհրաժեշտությունն անհասկանալի է»: «Մի՞թե ռազմական ներխուժման սպառնալիք կա», – տարակուսել է Բորդյուժան` ընդգծելով, որ «ի պատասխան բոլոր նման քայլերի, այդ թվում ՀԱՊ մասնակից-երկրների անմիջական հարեւանությամբ ծավալվող գործողությունների, անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն»: