AM
23 May 2003 - 18:47 AMT

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին զենքի մատակարարումը կսկսվի 2004 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռուսբալթ» գործակալությունը, այսօր լրագրողներին տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ընդգծել է, որ բոլոր մատակարարումները Պայմանագրի անդամ-երկրներին կատարվելու են զեղչ գներով, սակայն զենքն արդեն հնարավոր չի լինի վերավաճառել: Բորդյուժայի խոսքերով` ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում վաճառող կողմին ամրագրվել է իրավունք` հսկել վաճառված զենքի հետագա ճանապարհը եւ ստուգել, արդյոք չի՞ վերավաճառվել այն: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են` Ռուսաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը: