AM
17 Փետրվար 2011 - 14:12 AMT

ԵԱԶԲ-ն ֆինանսավորում է ռուսական հացահատիկի ներկրումը Հայաստան

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հայաստանյան «Էկո փյուռ» ՍՊԸ-ին է փոխանցել մինչև $30 մլն ծավալով բացված վարկային գծի առաջին տրանշը` 25 հազար տոննա հացահատիկ Հայաստան ներկրելու համար:

Հացահատիկի գնումը և Հայաստան տեղափոխումը ֆինանսավորելու նպատակով վարկային միջոցների տրամադրման մասին պայմանագիր էր ստորագրվել 2010թ. Մոսկվայում: Նույն ժամանակ «Էկո փյուռ» ՍՊԸ-ն պայմանագիր էր կնքել «Միացյալ հացահատիկային ընկերություն» ԲԲԸ ռուսաստանյան պետական ընկերության հետ ցորենի մատակարարումը կազմակերպելու վերաբերյալ, որի ֆինանսավորումը իրականացվելու է ԵԱԶԲ-ի վարկային միջոցներից:

Ընթացիկ տարում ԱՊՀ երկրների շուկաներում սպասվում է բարդ իրավիճակ ցորենի հացահատիկի ապահովման առումով, և այս նախագծի իրականացումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում հացի և ալյուրի գները պահպանել ընդունելի մակարդակում:

Բացի դրանից, ինչպես հաղորդում է ԵԱԶԲ մամլո ծառայությունը, նախագծի իրականացումը կծառայի Ռուսաստանի և Հայաստանի միջև ինտեգրացիոն կապերի զարգացմանը` երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանն աջակցելու հաշվին: