Հայաստանի կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային հսկիչ անցագրային կետերի վերակառուցման տեխնիկական առաջադրանքին:
«Բագրատաշեն» ՀԱԿ-ը գտնվում է Երևան-Թբիլիսի Մ-6 ավտոմայրուղու վրա և 2011 թվականի հունվարի դրությամբ Վրաստանի հետ սահմանի հատման առավել կարևոր և ծանրաբեռնված կետն է: «Բավրա» ՀԱԿ-ը մտնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կազմի մեջ, և ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել Իրանի և վրաստանի միջև տրանսպորտային կապը: «Գոգավան» ՀԱԿ-ը գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա: Ճանապարհա-շինարարական աշխատանքների իրականացումից հետո ՀԱԿ-երում կանխատեսվում է թողունակության ավելացում:






