Հայաստանի կառավարությունը մտադիր է աջակցել գյուղական համայնքներին կոոպերատիվների ստեղծման ճանապարհին «Գյուղական համայնքներում պետք է համոզվեն, որ եթե գյուղացիական տնտեսությունները միավորվեն, ապա պետությունն իրենց թիկունքում կլինի»,- փետրվարի 17-ին կառավարության նիստում ընդգծել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի կառավարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» իրականացվող միջոցառումներն սկսելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 450 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կվերադարձվի վարկային համաձայնագրի հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո: Ծրագիրն ընդգրկված է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցության ռազմավարություն և նախատեսվում է իրականացնել ՀԲ կողմից տրամադրվելիք 16.0 մլն ԱՄՆ դոլար ՄԶԸ վարկային միջոցներով։ Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքի, ինչպես նաև նախապատրաստվում են ևս 21 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այս ծրագիրը` նշելով, որ դրա ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է, որով ամենալուրջ բարեփոխում կիրականացվի տասնյակ համայնքներում։ Բացառված չէ, որ ապագայում կարող են ներգրավվել լրացուցիչ միջոցներ։
Կառավարության որոշմամբ Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված 61 տրակտորը և գյուղատնտեսական այլ տեխնիկան ձեռք բերելու հնարավորություն կտրվի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների գործող կոոպերատիվներին, որոնք կընտրի ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ հանրային խորհրդի, տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը։






