Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը դրական է գնահատում կառավարության քայլերը երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ և կարծում, որ այն պետք է ավելի խիզախ լինի: «Առաջին հերթին, ճգնաժամի շրջանում կառավարությունն ըմբռնումով մոտեցավ ՓՄՁ խնդիրներին և փորձեց նրան օգնության ձեռք մեկնել նոր արտոնյալ ծրագրերի իրագործման միջոցով»,- նշել է նա: Կառավարական աջակցության երկրորդ դրական ուղղությունը դարձել է տեսչական ստուգումների թվի կրճատումը, իսկ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար ներմուծվում է փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառություն: Բացի դրանից, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվում է կառույց, որը մշակելու է տեսչական ստուգումների ռազմավարությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դրական է գնահատում հարկային վարչարարության բարելավմանն ուղղված կառավարության քայլերը: Միաժամանակ, նա նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է զգալիորեն բարելավել Հայաստանի դիրքերն ըստ Doing Business-ի, այն է` 48-րդ տեղից բարձրանալով 21-րդ տեղը:






