Սթար Դիվայդ ՓԲԸ-ի նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն` գրանցված BVI-ում, որին էլ կպատկանի բաժնետոմսերի 100%-ը: Բանակցությունները ՍԹԱՐ առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են, իսկ իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքում են:
«Ընկերության ձեռքբերման քննարկումներին նախորդել են բանակցություններ վարկատու բանկերի հետ, որի արդյունքում ՍԹԱՐ-ի ֆինանսական ողջ պարտքը կվերակառուցվի»,-նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Նոր բաժնետերը, առաջիկա 3 ամիսների ընթացքում, պարտավորվել է կատարել 5-10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում բաժնետիրական կապիտալի և պարտքի տեսքով, որը ուղղված կլինի ընկերության շրջանառու կապիտալի հզորացմանը և հետագա զարգացմանը:
«Ընկերության պարտավորությունները բոլոր մատակարարների նկատմամբ մնում է ուժի մեջ, որոնց մարման վերաբերյալ ընկերության ղեկավարությունը բանակցությունների նոր փուլ կսկսի մատակարարների հետ»,-ավելացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխությունները տեղի չեն ունենա ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված և ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման պլանները կմնան անփոփոխ. 2011թ.-ին ՍԹԱՐ-ը կբացի ևս 12 խանութ Երևանում և մոտակա քաղաքներում:
Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում:






