AM
24 Փետրվար 2011 - 05:30 AMT

«Մարիաննա» ՍՊԸ փոխտնօրեն. Կաթնամթերքի գների բարձրացումը ստիպված է կատարվել

«Մարիաննա» ընկերությունը ստիպված է եղել բարձրացնել կաթնամթերքի գները կաթի, տարայի, ինչպես նաև գազի և ջրի սակագների համատարած բարձրացման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Մարիաննա» ՍՊԸ փոխտնօրեն Տաթևիկ Հակոբյանը:

Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ եթե նախկինում մեկ լիտր կաթը գյուղացիներից գնվում էր 120 դրամով, ապա այժմ այդ գինը կազմում է 180 դրամ: Նա ընդգծել է, որ ընկերության համար գների բարձրացման մասին որոշումը հեշտ չի տրվել, սակայն դա ստիպված միջոց էր, որպեսզի արտադրությունը կրկին շահութաբեր դառնա: Ընդ որում, նա նկատել է, որ ընկերությունում գիտակցում են մթերքի թանկացման պատճառով սեփական շուկայի մի մասը կորցնելու վտանգը:

Իսկ ինչ վերաբերում է մոտ ապագայում գների բարձրացման հնարավորությանը, ապա Հակոբյանը չկարողացավ պատասխանել այդ հարցին` ընդգծելով միայն, որ ընկերությունը կփորձի հաշվի առնել սպառողների շահերը: