Հայաստանում ներկրվող մեքենաների մաքսազերծման համար արտոնյալ վարկերից կարելի է օգտվել արդեն փետրվարի 28-ից: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում փետրվարի 24-ին հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել աջակցել բնակչության սոցիալապես անապահով խավերին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման նպատակով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման շրջանակներում:
Ինչպես հաղորդել է նախարարը, վարկերը տրամադրվելու են 6 ամիս մարման ժամկետով 0 տոկոս տոկոսադրույքով այն մեքենաների համար, որոնց արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը և թողարկվել են մինչև 2005-ը: Վաչե Գաբրիելյանը նշել է, որ կառավարության որոշումը նախատեսում է վարկի ձեռք բերման պարզեցված ռեժիմ հայտատուի կողմից, քանի որ բացառվում է բյուրոկրատական քաշքշուկը, իսկ հիմնական բեռն ընկնելու է մարզային վարչությունների, Հայաստանի ֆինանսների նախարարության և ՊԵԿ վրա:
Դրա հետ կապված` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մշակվում է սոցիալական ծրագիր երկրի բնակչության առավել խոցելի շերտերի համար` նպատակ ունենալով մեղմացնել ճգնաժամի, բարձր գնաճի հետևանքները, հեշտացնել հարկային և մաքսային վարչարարությունը: Միաժամանակ, նա ասել է, որ հաշվարկների համաձայն, Հայաստանում արտոնյալ վարկերից կարող են օգտվել 2000 քաղաքացիներ, մասնավորապես, Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, իսկ անհրաժեշտության դեպքում պետական աջակցությունն ավելանալու է:






