AM
25 Փետրվար 2011 - 06:30 AMT

Ղարաբաղում պատերազմի վերսկսման ժամկետներ նշելը կոռեկտ չէ, կարծում է Անդրեյ Արեշևը

Ղարաբաղյան հակամարտության գոտում ինչ-որ ժամկետներ անվանելն այդքան էլ կոռեկտ չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Կովկասագետների գիտական հանրության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: «Տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողները շահագրգռված չեն նոր պատերազ սկսելու մեջ և հիմա գործադրվում են բոլոր քաղաքական-դիվանագիտական ջանքերը ինչպես ռազմական հավասարության, այնպես էլ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանման համար: Պետք է հաշվի առնել անվտանգության համաշխարհային համակարգի և հակամարտությունների կարգավորման համար նոր առաջարկների բացակայությունը»,- նշել է Արեշևը:

Բերելով Կոսովոյի և Հարավային Սուդանի օրինակը` ռուս քաղաքագետը նշել է, որ անջատողական գործընթացներն ընթանում են ողջ աշխարհով: «Վերջին շրջանում «անջատողականություն» տերմինը չգիտես ինչու ընդունվում է բացասական իմաստով, բայց իրականում դա այդպես չէ: Դա սովորական քաղաքական տերմին է»,- ասել է ռուս փորձագետը: Նա նաև հավելել է, որ հակամարտությունների կարգավորման մեջ որոշակի «վերացական սկզբունքների» առկայությունը, օրինակ, Մադրիդյան սկզբունքները ԼՂ դեպքում կարող են նպաստել խաղաղության պահպանմանը: