Մարտի 4-ին և 5-ին տեղի կունենան Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթների եզրափակիչ փուլերը:
ԻՏՁՄ-ն տեղեկացնում է, որ մրցույթի մասնակիցները նախագծել և պատրաստել են ռոբոտ, որը շարժվում է սպիտակ դաշտի վրա գծված սև գծերի ուղղությամբ և անցնում է 270մմ բարձրությամբ թունելի միջով:
Մասնակիցները պատրաստել են նաև ռոբոտներ, որոնք իրարից տարբերում են թենիսի գնդակներն ու հյութի տարաները և դասկարգում դրանք համապատասխան փոսիկներում:
Մրցույթների գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորն է «Հուրնեթ» ընկերությունը:
Գծին հետևող ռոբոտների քաշն է մինչև 4,5 կգ, չափը` լայնություն` 18սմ x18սմ, բարձրություն` 27սմ, իսկ իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտներինը՝ քաշը` մինչև 4,5 կգ, չափը` լայնություն` 25 x 25սմ, բարձրություն` անսահմանափակ
Մարտի 4-ին «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը կայանալու է ԵՊՃՀ-ի 2-րդ մասնաշենքի դահլիճում (սկիզբը` 13:30), Մարտի 5-ին կայանալիք «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Մանուկյան դահլիճում (սկիզբը ժամը 12:00):
Մասնակից թիմերն են՝ «Գծին հետևող ռոբոտ» ՝ Ի-բոթ, Առվակ, Յունիհիլ, Լայն Չեյսեր և «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ»՝ Պոլիտեխնիկ, Ռեբոտեք, Թիմ ԻՔՍ:






