Մարտի 2-ին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, Շիրակի մարզի ճակնդեղացան Կառնուտ, Արևիկ, Նոր կյանք, Առափի, Մրգաշեն համայնքների ներկայացուցիչները, Շիրակի ԳԱՄԿ-ի տնօրենը, «Ալեքս-Գրիգ» ընկերության ներկայացուցիչը, Ախուրյանի շաքարի գործարանի տնօրենը, քննարկվեցին տեղական հումքով շաքարի արտադրության կազմակերպման և վերջինիս ծավալների ավելացման, շաքարի ճակնդեղի մշակության վերականգնմանը գյուղացիական տնտեսությունների հնարավորինս ակտիվորեն ընդգրկվելու հարցերը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: «Հանդիպման նպատակը փոխադարձաբար ընդունելի պայմաններով պայմանավորվածություն ձեռք բերելն է: Պետք է այնպես անել, որ շահույթ ստանա և' գյուղացին, և' գործարանը»,- դիմելով մասնակիցներին` նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանը մասնակիցներին պատմեց խորհրդակցությանը նախորդած իր և շաքարի արտադրության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հանդիպման մասին, որի ժամաանկ գործարարը գյուղական տնտեսություններին շահագրգռելու նպատակով խոստացել էր 10 դրամով ավելացնել մթերման գները` հասցնելով այն 35 դրամի: Սակայն ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները ներկայացրին անցյալ տարվա փորձնական ցանքի արդյունքները` հեկտարից ստացել են 48 տոննա պալար, ինքնարժեքը 30 դրամից ավելի է: Առաջարկվող նոր գինն անգամ չի հրապուրի գյուղացուն, որովհետև որպես անասնակեր վաճառելու դեպքում անգամ ավելի բարձր հատույց է սպասվում, պնդում էին նրանք: Ի վերջո, նախարար Սերգո Կարապետյանի հիմնավոր հորդորներով և միջամտությամբ կողմերը հանգեցին վերջնական եզրահանգման` ընթացիկ տարում 1000 հա շաքարի ճակնդեղ ցանելու հեռանկարը իրական է:






