Մրցույթը նախատեսված է Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: Ուսանողները պետք է ներկայացնեն սեփական նորարարական գաղափարը և կենսագրությունը էլեկտրոնային տեսքով մինչև ապրիլի 20-ը։
Ինչպես ասաց Օրանժի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, մրցույթի նախագիծը մշակվել է համատեղ ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի հետ. «Մրցույթը նախատեսված է 4-րդ կուրսի և ավելի բարձր տեխնիկական մասնագիտացմամբ ֆակուլտետների ուսանողների համար, ինպիսիք են՝ ռադիոֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա և այլն»։
Օրանժ Արմենիա ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ մրցույթի նպատակն է բացահայտել և խրուսել Հայաստանի երիտասարդ տաղանդներին. «Կարևոր է, որ հայ ուսանողը հնարավորություն կունենա օգտվել Ֆրանս տելեկոմ խմբի ուժից և հնարավորություններից»։
Մրցույթի վերջում 11 հոգուց բաղկացած ժյուրին կընտրի լավագույն նորարար գաղափարը։ Մրցույթի հաղթողը կստանա մրցանակ՝ 6-ամսյա վճարովի պրակտիկա Ֆրանսիայում Օրանժի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում։ Ինչպես նշեց Բրունո Դյութուան, ժյուրիի անդամներն են՝ 7 հոգի Օրանժի աշխատողներ, Օրանժի լաբորատորիայից 2 հոգի և 1 ներկայացուցիչ ԵՊՀ-ից և 1 ներկայացուցիչ ԵՊՃՀ-ից: «Մեր լաբորատորիաների ցանցը հսկայական է և այնտեղ աշխատում են ավելի քան 3000 մարդ հեռահաղորդակցության ոլորտում»,- նշեց նա։
Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ մի շաբաթից համալսարաններում ուսանողների հետ անցկացվելու են ներածական սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվելու են մրցույթի մանրամասները և ավելացրեց, որ ընտրվող գաղափարը պետք է լինի նորարար, պարզ, և հեշտ կիրառվող. «Այն պետք է վերաբերվի հեռահաղորդակցությանը, ինպես օրինակ՝ ինժեներիա, սարքավորումներ, ծրագրավորում։ Կարևոր է, որ ուսանողը նաև տիրապետի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներին հաղթելու դեպքում Ֆրանսիայում հեշտ հաղորդակցվելու համար»։
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՃՀ ուսումնական գծով պրոռեկտոր Աղգաշյանը հայտնեցին, որ համալսարաններում դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել մրցույթի մասին, սակայն այսօրվանից փակցվելու են պաստառներ և կայքերում դրվելու են հայտարարություններ։
Բրունո Դյութուան նշեց նաև, որ չեն բացառվում, որ կլինեն մրցանակներ նաև 2-րդ և 3-րդ տեղերի համար։






