AM
4 Մարտ 2011 - 14:31 AMT

Հայաստանի կառավարությունում քննարկեցին տեսչական բարեփոխումների իրականացման գործընթացը

Մարտի 4-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, նիստում, ըստ հաստատված օրակարգի, խորհրդի անդամները քննարկել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում նախագծի վերաբերյալ հնչած առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբին։

Օրակարգի երկրորդ հարցով հավանություն է տրվել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանությանը, որով հնարավորություն կտրվի վերանայել, վերլուծել ու դասակարգել վերահսկման օբյեկտները, ձևավորել տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և տնտեսվարող սուբյեկտների, ներդնել ստուգումների նպատակադրման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, ներկայացվել է նաև Պետական հրդեհային տեսչությունում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, զեկուցվել է 2010թ. հուլիս-2011թ. փետրվար ամիսներն ընդգրկող ժամանակաշրջանում տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացված գործողությունների և արդյունքների մասին։ Նիստում քննարկվել է նաև «Քաղաքաշինական գործունեության հսկողության և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: