Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահները մայիսի 30-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը: Այս մասին լրագրողներին այսօր Երեւանում հայտարարել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերով` այդ հարցը «ռազմավարական թիվ մեկ խնդիրն» է Հայաստանի եւ Ռուսաստանի համար: Իր հերթին, հանձնաժողովի Հայաստանի կողմից համանախախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «վերջին զարգացումները հույս են ներշնչում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցման վերականգնման հարցը կլուծվի»: