ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, հնարավոր է, կկայանա հունիսի սկզբին: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից նախկին համանախագահ Յուգ Պեռնեի հայտարարությունն այն մասին, թե տարածաշրջան միջազգային միջնորդների այցելության ժամկետի որոշումն ավելի շատ կախված է ադրբեջանական կողմից, նա պարզաբանել է, որ համանախագահների բանակցությունները հակամարտող կողմերի հետ տեւում է բավականին երկար` մոտավորապես 2-3 ժամ, եւ խոսքը գնում է այն մասին, որպեսզի Հեյդար Ալիեւը կարողանա հանգամանորեն զրուցել նրանց հետ եւ ներկայացնել իր դիրքորոշումը: «Ես կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա»,- ասել է Ն. Մամեդովը: