AM
10 Մարտ 2011 - 14:27 AMT

Մայիսին Գերմանիայում տեղի կունենա ՏՏ ոլորտի հայ-գերմանական համաժողով

Գերմանիայի Կարլսրուե քաղաքում 2011թ. մայիսի 19-ին ԱրմԹեք Համաժողովի շրջանակներում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Կարլսրուեի Առևտրի և Արդյունաբերության պալատը, Քրոնիմետ մայնինգ բաժնետիրական ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի, մասնավորապես Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքների միջև համագործակցության ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման և նոր ներդրումների ներգրավման համար: Եվրոպայի ճիշտ կենտրոնում տեղակայված Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանը հանդիսանում է եվրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերությունների և հետազոտական կենտրոնների համար: Համաժողովը կհամախմբի ոլորտի շահագրգիռ կողմերին և երկու երկրների գործարարներին՝ ընձեռելով փորձի և ինֆորմացիայի փոխանակման լայն հնարավորություն, հայտնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մամլո ծառայությունը :

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Գերմանիայի կառավարության անդամներ, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտական ոլորտները և Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանը ներկայացնող ընկերություններ և ձեռնարկատերեր: