AM
11 Մարտ 2011 - 08:17 AMT

Մինչև 2012-ը Հայաստանում կստեղծվի պարենային անվտանգության ծրագիր

Հայաստանում պարենային անվտանգության հետ կապված իրավիճակն անվաբարար է, լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը հանրային լսումների ընթացքում` նվիրված Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգին:Միաժամանակ, նա նշել է, որ ըստ միջազգային չափանիշների, պարենամթերքի կարևորագույն տեսակներով ապահովվածությունը պետք է կազմի 75-80 տոկոս, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 79 տոկոս: Փոխնախարարը հաղորդել է, որ հայեցակարգի շրջանակներում ենթադրվում է մինչև 2012-ը ստեղծել Հայաստանի պարենային անվտանգության ծրագիր, որը պետք է խթանի երկրում պարենամթերքի ռազմավարական տեսակների արտադրությունը:

Ավետիսյանը հավելել է, որ չնայած ոչ վատ ցուցանիշներին և հայկական շուկայում պարենամթերքի ֆիզիկական հասանելիության հետ կապված խնդիրների բացակայությանը, հայեցակարգի նպատակն է պարենամթերքով երկրի ինքնաբավության բարձրացումը, ինչպես նաև բնակչության համար տնտեսական մատչելիությունը: Փոխնախարարը պարզաբանել է, որ ֆիզիկական մատչելիությունն այն է, երբ շուկայում առկա է պարենամթերքի բավարար քանակություն, իսկ տնտեսական մատչելիությունն այն ձեռք բերելու բնակչության հնարավորությունն է: