«Կոնվերսբանկ» ՓԲԸ MasterCard WOMAN'S CARD աննախադեպ քարտերից արդեն Հայաստանի իգական սեռի 50 ներկայացուցիչ է օգտվել: Այդ մասին մարտի 14-ին Երևանում հատուկ կանանց համար նախատեսված քարտերի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հաղորդեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը: Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ կանանց հաճելի անակնկալ մատուցելով` բանկը նպատակ է հետապնդում խթանել վճարահաշվարկային քարտերի օգտագործումը: Տիգրան Դավթյանը հաղորդեց նաև, որ քարտերի թողարկման ծրագրի շրջանակներում բանկը նախատեսում է մինչև հաջորդ տարվա վերջ առնվազն 5000 MasterCard WOMAN'S CARD թողարկել և մտադիր է ձեռնամուխ լինել նոր քարտային նախագծերի իրականացմանը:
MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմսն իր հերթին ավելացրեց, որ նման նախաձեռնություն իրականացվել է նաև Ֆրանսիայում, որտեղ այն լայն ճանաչում գտավ նման պլաստիկ քարտերից օգտվողների շրջանում:
Մարտի 4-ին «Կոնվերս բանկը» հայտարարեց Woman's card` հատուկ կանանց համար նախատեսված քարտերի թողարկման մասին: Հատուկ դիզայնով կանանց քարտը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու հատուկ կանանց համար մշակված մի շարք առավելություններից: Նշյալ քարտապաններին կտրվեն հատուկ զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում: Բացի այդ, WOMAN'S CARD-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ ծառայությունը: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standard քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում` անվճար է: Ավելին, բանկը մտադիր է ժամանակի ընթացքում ընդլայնել արտոնությունների սեկտորը` դրանով իսկ կանանց միավորելով առանձնահատուկ ակումբի մեջ:






