AM
14 Մարտ 2011 - 13:06 AMT

«Կոնվերսբանկը» շարունակում է ակտիվորեն վարկավորել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը

«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն աշխատում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված գրեթե բոլոր միջազգային ծրագրերի հետ, մարտի 14-ին Երևանում հաղորդեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը: «Բանկն ակտիվորեն վարկավորում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը: Այսօրվա դրությամբ վարկերը տրամադրվում են 11-12% տարեկան տոկոսադրույքով, ինչը բավականին լավ ցուցանիշ է»,- ասել է նա:

Այս կապակցությամբ Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ գյուղատնտեսությունը բանկի առաջնահերթ ուղղություններից մեկն է, ուստի բանկն այդ ոլորտում չի դադարեցրել վարկավորումը:

Գյուղատնտեսության ոլորտը գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ հենց դրա հետ են մեծ հույսեր կապվում 2011-ին գնաճը նվազեցնելու համար: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը, առևտրային բանկերի հետ քննարկումների արդյունքում երևան են հանվել գյուղատնտեսության վարկավորման ծավալների բարձրացման մեխանիզմներ ավելի ընդունելի պայմաններով: «Այսօր գյուղատնտեսության ոլորտին պետք է հատուկ ուշադրություն հատկացնել, քանի որ այն կարևոր է գնաճի զսպման տեսանկյունից»,- ասել է նա:

Արթուր Ստեփանյանի խոսքով, գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պորտֆելը կազմում է 52 մլրդ դրամ, և այդ միջոցների ծավալներն ավելանալու են:

Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որոնք տրամադրվում են ազգային արժույթով, ապա, նրա կարծիքով, դրանք չեն փոխվելու:

«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին, 2007 թվականի փետրվարից բանկի սեփականատերը 95% բաժնեմասով դարձել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, մնացած 5%-ը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն: