AM
15 Մարտ 2011 - 12:27 AMT

Աշոտ Մարտիրոսյան. Հայկական ԱԷԿ-ն աշխատում է առանց խափանումների

Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ուշադրությամբ հետևում է իրադարձություններին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի գոտում և վերլուծություն կատարում միայն այդ երկրի պետական կառույցներից ստացված հավաստի տեղեկությունների հիման վրա: «Իրադրությունը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ գոտում կարելի է գնահատել որպես անկայուն և շարունակվող»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքով, իրադրությունն առայժմ պարզ չէ, քանի որ հայտնի չէ ջրի մակարդակը ԱԷԿ-ի երկու ռեակտորներում և գոյություն ունի կայանի մակարդակի իջեցման խնդիր:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում գործող ԱԷԿ-ի գործունեության անվտանգությանը, ապա Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ «չարժե անհանգստանալ, քանի որ դրա աշխատանքում ոչ մի խախտումներ չեն արձանագրվել, և այն աշխատում է գործող կանոնադրության համաձայն»: Ավելին, ԱԷԿ-ում դրա գործարկման պահից ի վեր անվտանգության` ընդհուպ մինչև սեյսմակայունության ապահովման հետևողական միջոցառումներ են իրականացվել:

Անդրադառնալով Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետևանքների հնարավոր կրկնությանը Ճապոնիայում` Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ տվյալ դեպքում իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ գործում են այլ տեխնոլոգիաներ, քան Խորհրդային Միության ժամանակ: Մասնավորապես, նա նշել է, որ Չեռնոբիլի ատոմակայանում գրաֆիտ էր օգտագործվում, որը բարձր ճառագայթում ունի, և որի այրումից հետո ոչ միայն ռադիոակտիվ նյութեր են առաջանում, այլև այնպիսի տարրեր, ինչպիսիք են ուրանը, պլուտոնիումը:

Ինչպես նշվում է Ճապոնիայի կառավարության պաշտոնական կայքում, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երրորդ ռեակտորի գոտում ճառագայթման մակարդակի բարձրացումը հնարավոր է: «Սպասվում է ռեակտորի առաջին բլոկի գոտում տեղի ունեցած ջրածնային պայթյունի հետևանքներին մոտ ռադիացիայի մակարդակի բարձրացում»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԱԷԿ-ում շարունակվում է օվկիանոսային ջրի ներհոսքը ռեակտոր: Պայթյունը էներգաբլոկի երրորդ ռեակտորի գոտում տեղի ունեցավ 07.01 մվրկ-ում: Պայթյունի պայմանների և այլ գործոնների վերլուծության տվյալներով, այն նման է առաջին ռեակտորի էներգաբլոկի ջրածնային պայթյունին: Ատոմային և արդյունաբերական անվտանգության գործակալության տվյալների համաձայն, շարունակվում է բնակիչների տարհանումը «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ը շրջապատող 20-կիլոմետրանոց գոտուց: ԱԷԿ-ի շրջանում ճառագայթումը նորման գերազանցել է 400 անգամ: