ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆիննական «Սամպո Ռոզենլեւ» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս:
Այդ մտադրության մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին դեռ հունվարին փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Հյուրերն Ա. Գեւորգյանին ներկայացրին նախագծի ընթացքը` նշելով, որ արդեն գործնական քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական «Նաիրի բերրիություն՚»ՍՊԸ-ի հետ, եւ արդեն ամռանը նախատեսում է ունենալ առաջին կոմբայնները:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ նրանց մտադրություններն արդեն գործնական ընթացք են ստանում: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին հետեւողական ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը, եւ այդ համատեքստում գյուղտեխնիկայի ներքին պահանջարկը բավարարելու խնդիրը նույնպես կարեւոր նշանակություն ունի: Հյուրերը տեղեկացրին, որ բացի տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց, դիտարկվում են նաեւ արտահանելու հնարավորությունները:
Ֆիննական ընկերությունը նախատեսում է նաեւ տեղական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցաբար իրականացնել վերապատրաստման դասընթացներ գյուղտեխնիկան օգտագործողների համար:
Փոխվարչապետը ողջունեց այդ մտադրությունը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:






