AM
16 Մարտ 2011 - 08:34 AMT

Այսօրվա դրությամբ Հայաստանում ապահովագրված է ավտոմեքենաների 83 տոկոսը

Այսօր Հայաստանում արդեն ապահովագրված է ավտոտրանսպորտային միջոցների 83 տոկոսը, 3 տոկոսը հանվել է հաշվառումից և 14 տոկոսը չի ապահովագրվել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Դրա հետ կապված` նա հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանում կապահովագրվի ավտոտրանսպորտային միջոցների 90 տոկոսը, ինչն ԱՊՊԱ ծածկույթի բավական լավ ցուցանիշ է աշխարհի այլ երկրների համեմատ: «Դա խոսում է միայն մեր քաղաքացիների օրինապահության մասին»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է վարորդների շարքում խարդախությունների դեպքերին, որոնք նպատակ ունեն ավելի մեծ փոխհատուցում ստանալ, ապա Վահան Ավետիսյանը նախազգուշացրել է անբարեխիղճ վարորդներին չդիմել խարդախության, քանի որ նրանք չեն կարող օգտվել բոնուս-մալուս համակարգի խրախուսանքներից, որն ուժի մեջ է մտնելու 2013-ին և նախատեսում է ապահովագրական պայմանագրի արժեքի նվազեցում այն վարորդների համար, որոնք ունեն բարձր ստաժ և վարորդական լավ պատմություն: