AM
20 May 2003 - 14:48 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ «ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Ես ժամանել եմ Երեւան Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հրավերով, եւ իմ այցը ոչ մի առնչություն չունի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ մասին երեկ լրագրողներին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանի մայրաքաղաք ժամանած Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը: Իր հերթին, Հայկ Հարությունյանը նշել է, որ ռուս նախարարի այցը Երեւան եւ երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ փաստաթղթի առաջիկա ստորագրումը կապված է նաեւ վերջերս ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի ոստիկանության վերակազմավորման հետ: Բորիս Գռիզլովը նշել է նաեւ, որ երկօրյա այցի ընթացքում կքննարկվի «երկու երկրների իրավապահ գերատեսչությունների փոխգործակցության մասին կարեւոր պայմանավորվածությունների» կատարման ընթացքը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ հունիսի 17-18 Մոսկվայում նախատեսվում է երկու երկրների իրավապահ մարմինների միավորված կոլեգիայի նիստ, որը նվիրված կլինի կազմակերպված հանցավորության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նշենք, որ երեկ ՌԴ ՆԳՆ ղեկավարին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: