AM
18 Մարտ 2011 - 07:55 AMT

Հայ դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ

Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ ԱրմՌոբոտիքսը, բացահայտեց, որ հայ դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այս փաստը ցույց է տալիս, որ երեխաներին միայն սերիալները և խաղերը չեն հետաքրքրում, հարցը նրանում է, թե նրանց ինչ ճանապարհով ենք ուղղորդում, ինչ հնարավորություններ ենք ստեղծում նրանց համար, ասվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հաղորդագրության մեջ:

Այժմ յուրաքանչյուր ԱրմՌոբոտիքսի մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Լավագույն օրինակն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Առվակ» թիմի 2-րդ տեղի հաղթանակը «Գծին հետևող ռոբոռ» մրցույթում: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ:

Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ գործում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, իսկ Օհանյան վարժարանում և Անանիա Շիրակացի կրթահամալիրում խմբակների կազմավորման աշխատանքներ են տարվում: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է նաև երևանյան 50 դպրոցներում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ խմբակներ, որոնց մի մասը նվիրված կլինեն ռոբոտաշինությանը:

Խմբակները ստեղծվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Նեյշնլ Ինսթրումենթսի և այլ ընկերությունների աջակցությամբ, իսկ գաղափարն առաջացել է դեռևս 2009 թվականից, երբ ռոբոտների մրցույթներից հետո ծնողները հետաքրքրվել են, թե որտեղ իրենց դպրոցական երեխաները կարող են սովորել ռոբոտներ պատրաստել: