AM
18 Մարտ 2011 - 08:30 AMT

«HSBC Բանկ Հայաստանի» շահույթը 2010-ի արդյունքներով կազմել է 5.9 մլրդ դրամ

«HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հրապարակված տարեկան շահույթը մինչև հարկումը ավելի քան կրկնապատկվել է, կազմելով 5.9 միլիարդ դրամ, ինչը 132 տոկոսով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից: Այդ մասին մարտի 18-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է բանկի գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: «Դա Հայաստանի բանկային համակարգի լավագույն ցուցանիշներից է, մենք նման ցուցանիշի հասել ենք մեր հաճախորդների շնորհիվ»,- ասել է նա:

Նրա խոսքերով, բանկը 2010-ին ապահովել է հիմնական ցուցանիշների աճ. բանկի ակտիվները աճել են 7 տոկոսով` կազմելով 145 միլիարդ դրամ: Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 31 տոկոսով` կազմելեվ 86 միլիարդ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 65 միլիարդ դրամ: Վերջինս 67 տոկոսով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից: Հաճախորդների ավանդները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել են 4 տոկոսով` կազմելով 107 միլիարդ դրամ:

Ինչպես նշել է Թառումյանը, բանկը նման արդյունքների հասել է նաև իր բաժնետերերի հաշվին, որոնց շնորհիվ 2010-ին բանկն ավելացրել է իր կանոնադրական կապիտալը, ինչը թույլ է տվել նրան առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի բանկային համակարգում:

Նրա խոսքերով, 2011-ին բանկը մտադիր է աճ ապահովել բոլոր հիմնական ցուցանիշներով, մասնավորապես բանկը զգալիորեն ավելացնելու է վարկավորման ծավալները, վերսկսելու է ավտովարկերի և սպառողական վարկերի տրամադրումը, ինչը թույլ է տալու նրան մտնել Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակի մեջ: