2011 թ-ի մարտի 18-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը ստորագրել են ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ Մհեր Գրիգորյանը:
«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:
«Մենք շատ ուրախ ենք մասնակցել այս ծրագրին և աջակցել Հայաստանում բնակվող երիտասարդ գիտնականներին ձեռք բերել սեփական բնակարան: ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստակամ է մասնակցելու նմանատիպ ծրագրերին, որոնք ուղված են ինչպես ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, այնպես էլ երկրի ողջ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելամանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ Մհեր Գրիգորյանը: Համաձայն համագործակցության համաձայնագրի` Միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շահառուներին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվեն հիփոթեքային վարկեր 10-ից մինչև 20 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 10 տոկոս տոկոսադրույքով, նվազագույնը 20 տոկոս կանխավճարով` կառուցվող գույքի գրավադրմամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրի շահառուներին իր կողմից սահմանված պայմաններով առաջարկելու է կուտակային ավանդների ծառայություններ, և շահառուի վարկունակության գնահատման ժամանակ հաշվի կառնվի նաև վերջինիս կողմից ավանդային հաշվին կատարված վճարումների պատմությունը: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության երիտասարդ գիտնականների և ստեղծագործողների բնակարանային կարիքների բավարարմանը:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն ասել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում (ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ) կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և Հայաստանի Հանրապետության երիտասարդ ստեղծագործողներին (գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ):
Կապալառու կազմակերպության կողմից բնակարանների 1քմ.-ի արժեքը սահմանվել է 184000 ՀՀ դրամ:
Ծրագրի իրականացման արդյունքում առաջիկա երկու տարվա ընթացքում ստեղծվելու է ավելի քան 500 աշխատատեղեր: Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է է 2011 թ-ի ապրիլի 30-ին և նախատեսվում է ավարտել մինչև 2013թ. փետրվարի 28-ը:






