Հայաստանն աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ եւ Լիտվայի նախագահության ընթացքում մենք մեր նպաստն ենք բերելու՝ աջակցելով բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվում են կազմակերպության դերակատարության եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում: Էդվարդ Նալբանդյանը նշել է.«Մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով ենք, որ Լիտվայի արտգործնախարարի այցելությունը, նաեւ մայիսի սկզբին նախատեսված Լիտվայի նախագահի այցելությունը կնպաստեն մեր հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը»:
Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր եռանախագահներով այն ձեւաչափն է, որի շրջանակներում ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այն հայտարարություններին, որոնք ընդունվել էին ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ 2008 թ. Հելսինկիում, 2009 թ. Աթենքում, 2010 թ. Ալմաթիում, 2010 թ.՝ Աստանայում: «Համահունչ են այն հայտարարություններին, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների՝ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի կողմից 2009 թ. լ՛Աքվիլայում եւ 2010 թ.Մուսկոկայում: Մենք Լիտվայի ԱԳՆ ղեկավարի հետ համակարծիք ենք, որ Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի»,-ասել է նախարարը համատեղ մամլո ասուլիսում:






