AM
21 Մարտ 2011 - 11:06 AMT

Արտակ Շաբոյան. ՏՄՊՊՀ-ն կամփոփի ձվերի շուկայի դիտարկման արդյունքները Զատիկից առաջ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) տվյալ պահին մի շարք ուսումնասիրություններ է անցկանցում տարբեր շուկաներում, որոնց մի մասն արդեն ավարտվել է: Այդ մասին մարտի 21-ին Երևանում ՏՄՊՊՀ 10-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում ընթացող ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Մասնավորապես, նրա խոսքերով, հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է ձվերի շուկան և այն ուսումնասիրում է արտադրողների գործունեությունը, մանր առևտրի կետերը, ինչպես նաև միջնորդների դերը` ընդհանուր պատկերացում կազմելու և դեկտեմբերին ստեղծված իրավիճակը պարզելու համար:

Ամանորյա տոներից առաջ արձանագրվել էր ձվերի գների աննախադեպ բարձրացում` 50 դրամից 150 դրամ մեկ հատի համար:

Արտակ Շաբոյանը հավաստիացրել է, որ մեղավորները կպատժվեն, «որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»: Նա նաև հավելել է, որ հանձնաժողովն արդեն բացահայտել է մեխանիզմները, որոնք կիրառելու են տնտեսվարող սուբյեկտներն ինչպես ձվերի շուկայում, այնպես էլ այլ շուկաներում, դրանք հասարակությանն են ներկայացվելու մոտ ժամանակները` մինչև Զատիկ:

Այժմ հանձնաժողովն ուսումնասիրում է կաթնամթերքի շուկան, ավարտին են մոտենում սուրճի շուկայի ուսումնասիրման աշխատանքները, որտեղ նկատվել են գնային փոփոխություններ: