AM
21 Մարտ 2011 - 13:32 AMT

Լուկա Բեբիչն կարևորում է Հայաստանի ու Խորվաթիայի խորհրդարանների գործակցության ակտիվացումը

Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջև տեղի ունեցավ առանձնազրույց: Ողջունելով Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Բեբիչի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Խորվաթիայի հետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարը նույնպես անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացումը, քանի որ նրա կարծիքով խորհրդարանները մեծ դեր ունեն միջպետական հարաբերությունները զարգացնելու գործում: Պարոն Բեբիչը նշեց, որ առավոտյան այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է տեսածով: Նրա խոսքով հայ եւ խորվաթ ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: