Մարտի 22-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն աշխատանքային այցով եղել է «Էլեկտրասարք» ԲԲԸ-ում և ծանոթացել ընկերության աշխատանքի և 150 մլն դրամ վարկային միջոցների օգտագործման արդյունքների հետ, որոնք 2009-ին հատկացրել է ՀՀ կառավարությունը: «Մենք դրական ենք գնահատում վարկի օգտագործման արդյունքները և տեսնում ենք, որ ընկերությունը ոչ միայն պահպանել է իր արտադրությունը ճգնաժամի տարիներին, այլ նաև ընդլայնել է իր հնարավորությունները, և, ամենագլխավորը, կարող է ապահովել արտահանման ծավալներ»,- ասել է նա: Նախարարության ղեկավարի խոսքերով, օրերս Հայաստանի կառավարությունը քննարկել է ընկերությանը 50 մլն դրամի չափով լրացուցիչ վարկ տրամադրելու ֆինանսական և փաստաթղթային հարցերը: Տ. Դավթյանը նշել է, որ առաջին տրանշի նման նորը հիմնականում ուղղվելու է ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ կառավարությունը մտադիր է վերանայել վարկի սպասարկման պայմանները և նվազեցնել տոկոսադրույքը 12 տոկոսից մինչև 10 տոկոս, քանի որ ընկերությունը հուսալի գործընկեր է, ինչպես նաև զգալիորեն նվազել են վարկի սպասարկման ռիսկերը:
Նախարարի խոսքերով, այսօր «Էլեկտրասարքը» իսկապես պետաջակցության կարիք ունի, քանի որ ընկերության ապրանքանիշը հայտնի է ԱՊՀ երկրներում, և նա մտադիր է դուրս գալ նոր շուկաներ:






