AM
24 Մարտ 2011 - 07:57 AMT

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադան կանցկացվի 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբերին

Այսօր Վիվասել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Ռիչ Գոլդմանը հայտարարեցին, որ միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադան կանցկացվի 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին:

Ինչես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Վիվասել-ՄՏՍ-ը կհովանավորի օլիմպիադան: Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում, հայտնաբերել երիտասարդ և տաղանդավոր կադրերի, երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի հանդեպ, բարձրացնել նրանց գիտելիքները և ստեղծել միկրոէլեկտրոնիկայի համայնք:

«ՏՏ ոլորտում մենք շատ լավ ենք տեսնում, ինչի են կարող հասնել հայ ուսանողները: Լինելով կորպորատիվ քաղաքացի՝ մենք անպայման պետք է լինենք ուսանողների կողքին և խրախուսենք նրանց, որ նրանք կարողանան կազմակերպված ստեղծագործել: Ֆիզիկական ուժը չէ որ արդյունքի կհասնի, այլ միտքը և մտավորական ուժը »,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

«Երկու տարի առաջ մենք օլիմպիադան դարձրեցինք միջազգային: Ռուսաստանն առաջինն էր, որ ուղարկեց մասնակիցների: Անցյալ տարի մենք ունեինք մասնակիցներ հինգ տարբեր երկրներից, այս տարի Վիվասել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ կունենանք կրկնակի թվով մասնակիցներ Հնդկաստանից, Հորդանանից, Էմիրատներից, Ուկրաինայից, Արևելյան Եվրոպայից, ինչպես նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիայից»,- նշեց Ռիչ Գոլդմանը:

Ըստ Ռիչ Գոլդմանի աշխարհում չկա միկրոէլեկտրոնիկայի այլ օլմպիադա. «Սա կամրագրի Հայաստանի տեղը միջազգային ասպարեզում՝ որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն: Այս օլիմպիադան օգնում է հաստատել ընկերական հարաբերություններ տարբեր երկրների այս ոլորտի համալսարաննների միջև, ինչը կնպաստի Հայաաստանի ապագային»:

Վիվասել-ՄՏՍ-ը կհատկացնի 8 միլիոն դրամ: Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով: Վերջնական փուլում մրցելու են բոլոր երկրների լավագույն մասնակիցները:

Օլիմպիադայի թեմաներն են՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա և ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգոռիթմային ապահովում:

Հաղթողը կստանա մրցանակ նոթբուք, իսկ երկրորդ և երրորդ տեղ զբաղեցնողները՝ 300.000 դրամ և 150.000 դրամ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ: